«Չգիտես ինչու, մշտապես Ադրբեջանի սրտով չեն միջազգային հանրության անունից համանախագահող երկրների կողմից արվող առաջարկները, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, միջադեպերի քննության մեխանիզմի վերաբերյալ»,- այսօր ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ խաղաղ կարգավորմանն ուղղված առաջարկներին այլընտրանք գոյություն չունի։ ՌԴ պաշտոնյան էլ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «բազա» գոյություն ունի՝ նկատի ունենալով վերջին 4-5 տարիներին համանախագահող երկրների հնչեցրած սկզբունքները։ Սերգեյ Լավրովը նաև հակամարտության կարգավորման հարցում կարևորել է հետևողականությունը, հավելելով, որ ՌԴ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև երկխոսությունը լինի շարունակական։ «Մեր հարաբերությունները Հայաստանի հետ գործընկերային, ռազմավարական դաշնակցի հարաբերություններ են։ Դրանք հիմնվում են բարեկամության և փոխօգնության վրա»,- ասել է Լավրովը։
Հայ և ռուս պաշտոնակիցներն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերություններին։ «Այդ գործընթացին աջակցող Ռուսաստանի և այլ պետությունների դիրքորոշումն արտահայտվել է բազմաթիվ հայտարարություններում։ Ասվել է, որ պետք է առանց նախապայմանների վավերացնել և իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք դրված էին 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների հիմքում։ Ռուսաստանն իրոք կարող է և փորձում է անել այն, ինչ հնարավոր է»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը, իսկ նրա պաշտոնակիցն էլ հավելել է, որ պատրաստ է աջակցելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
Մերձավոր Արևելքի իրադրությունը ևս շոշափվել է ասուլիսի ընթացքում։ Ռուս պաշտոնյան շեշտել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կողմ են, որ իրավիճակը խաղաղ ընթացք ունենա, հավելելով, որ Սիրիայի և Իրաքի իրադրությունը լրջորեն անհանգստացնում է երկու երկրներին էլ։ «Սիրիայում տիրող իրավիճակի պայմաններում առանցքային չպետք է դարձնել իշխանափոխությունը։ Պետք է մտածել մարդկանց ճակատագրերի մասին։ Եթե բոլորս հաստատենք հակաահաբեկչական ջանքերի առաջնահերթությունները, ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարը, ապա վստահ եմ, որ քաղաքական կարգավորման հարցերը հեշտությամբ կլուծվեն»,- շեշտել է ՌԴ արտգործնախարարը, փաստելով, որ առայժմ իրավիճակը հեռու է կարգավորումից, քանի որ ահաբեկչական սպառնալիքն ընդլայնվում է։
ՈՒկրաինական զարգացումների առնչությամբ էլ Սերգեյ Լավրովը փաստել է. «Երկիրը խոր ճգնաժամի մեջ է։ Բնակչության մի մասի կողմից մյուսին իր կամքին ենթարկելը թույլ չի տալիս հաստատուն կարգավորման հասնել։ Դա հնարավոր է միայն բանակցային ճանապարհով։ Պետությունը պետք է ապահովի իր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»։
Ի դեպ, մինչ ասուլիսը Էդվարդ Նալբանդյանը, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական կարևորագույն գործընկերն է. 2013-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 10 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 445 մլն դոլար։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ